Ժ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. «Հաջողության գրավականը միասնական կամքի առկայությունն է»

1998 թվականին, երբ «Գլաձոր» համալսարանն արդեն կերտում էր իր ութերորդ տարվա պատմությունը, ժամանակն էր մտածել սեփական տանիք ունենալու մասին: Համալսարանի հիմնադիրների մեծագույն ցանկության և համառ ջանքերի շնորհիվ մայրաքաղաքի սրտում սկսվեց շինարարություն: Ֆրանսիայի դեսպանատան և Մյասնիկյանի արձանի հարևանությամբ (այն ժամանակ դեռ չկային «Մոսկվայի տունը», «ՎիվաՍելի», «Ամերիաբանկի» շենքերը, իսկ քաղաքապետարանը խարխուլ ու խղճուկ մոռացված քարուքանդ շինություն էր) հիմք դրվեց Երևանի «Գլաձոր» համալսարանի բազմահարկ շենքի շինարարությանը: Համալսարանն իր տասներորդ ուսումնական տարին պիտի սկսեր սեփական տանիքի տակ: Օրուգիշեր տարվող աշխատանքների շնորհիվ 2000թ. հոկտեմբերի 7-ը գլաձորցիների համար նշանավորվեց Տնօրհնեքի կարգով ու մատաղի արարողությամբ: «Գլաձորի» հիմնադիրների և դասախոսների, ուսանողների և բոլոր համակիրների վաղեմի երազանքն այլևս իրականություն էր. դասերն սկսվեցին սեփական շենքում՝ հագեցած բոլոր հարմարություններով՝ լուսավոր լսարաններից մինչև էլեկտրոնային գրադարաններ, ժամանակակից տեխնիկական հագեցվածություն: Տարին հոբելյանական էր՝ համալսարանն արդեն 10 տարեկան էր: Մեծ թվով առաջին կուրսեցիներ, նոր բացված ֆակուլտետներ, դասախոսական համալրված կազմ: 2000թ.-ին «Գլաձոր» համալսարանի համար սկսվեցին նոր ժամանակներ՝ ավելի կայուն, ավելի հաստատուն, ավելի հագեցած նոր երազանքներով, նոր նպատակներով: Եվ ամենակարևորը՝ երկարատև ստուգումներից, ուսումնասիրություններից, փորձաքննություններից հետո համալսարանը հավատարմագրվեց, այն էլ՝ անժամկետ:  
Այս տարի «Գլաձորի» շենքի հիմնադրման քսանամյակի օրը՝ հոկտեմբերի 7-ը համալսարանում կրկին նշանավորվեց Տնօրհնեքի կարգով և մատաղի արարողությամբ:
«Նոր Գլաձորի» զրուցակիցն է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադիր, ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը:

- Պարո՛ն Ջհանգիրյան, մի ամբողջ կյանք նվիրաբերեցիք, որպեսզի այսօր տոնենք Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյակը, օրհնության կարգ տեղի ունենա համալսարանի շենքի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Հիմա, երբ հետադարձ հայացք եք նետում՝ ի՞նչ եք կարծում՝ կրկին կանցնեի՞ք այս ճանապարհով:
- Կյանքում իմ անցած ուղիներից յուրաքանչյուրը ես պատրաստ եմ կրկնել՝ առանց երկմտելու՝ իմանալով ի սկզբանե, որ այն լինելու է դժվարհաղթահարելի: Կանցնեի, քանի որ այդ ուղին է ինձ տարել դեպի մեր նպատակի իրականացումը: Չանցնել շենքի կառուցման դժվարին ճանապարհով` նույնն էր, թե հրաժարվել»Գլաձորի՚ հետագա պատմությունը կերտելու հնարավորությունից: Համալսարանը պետք է ունենա անուն, ազգանուն, հասցե. սրանք  այն բոլոր խորհրդանիշներն են, որ բնութագրում են բարձրագույն ուսումնական հաստատությունը: Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում 10 տարի մնալուց հետո այլևս անհնար էր այնտեղ շարունակել գործունեությունը: Խնդիրն այն չէր՝ մեզ թույլ կտային, թե ոչ: Ամբողջ խնդիրն այն էր, որ մեր տասը տարիների աշխատանքի արդյունքը չէր երևում: 10 տարի շարունակ մենք ներդրումներ ենք արել ու երբեք չենք գնահատվել: Նաև այդ անշնորհակալ աշխատանքն էր պատճառը, որ միտքս ամբողջությամբ կենտրոնացրել էի այն բանի վրա, որ տասը տարի հետո, դուրս գալով Շահումյանի անվան դպրոցից՝ ուսումնական գործընթացը պետք է շարունակեինք մեր շենքում:»Գլաձորի՚ շենքը սկսել ենք կառուցել 1998թ. գարնանը, իսկ արդեն 2000թ. հոկտեմբերի 7-ը նշանավորվեց որպես բնակարանամուտ: Կտրվեց կարմիր ժապավենն ու սկսվեց ուսումնական գործընթացը: Իրականացավ իմ կյանքի մեծագույն նպատակը: Դեռ տարիուկես առաջ նախ ինքս ինձ էի խոստացել, որ 2000թ. դասերը սկսելու ենք հենց մեր շենքում: Դա ինձ համար, պատվի, արժանապատվության հարց էր, որ նույնիսկ քունս էր «գողացել»: Ամեն օր առավոտյան ժամը 7-ից եղել եմ շինհրապարակում և տուն գնացել գիշերը ժամը 1-ին: Խոսքի իմաստն ու արժեքն այնքան պարտավորեցնող են, նախքան պատասխանատվություն ստանձնելդ պետք է գիտակցես խոսքիդ արժեքը: Երբ դեռ նոր էի սկսում՝ չէի պատկերացնում ընթացքում ինչ խնդիրներ են ծառանալու մեր առջև, բայց դրանք հաղթահարելի էին, շնորհիվ մեծագույն ցանկության, հանուն այն խոստման, որ տվել էի ինձ ու ինձ շրջապատողներին, հարազատներին, դասախոսներին և ուսանողներին: Կարևորն այն էր, որ գործը սկսեցինք ու խոստումը խախտեցինք ընդամենը մեկ ամսով. 2000թ. ուսումնական տարին սկսվեց ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ հոկտեմբերի 7-ին: Մենք մեր շենքի հիմքը փորել ենք հավատքով, աղոթքով, մատաղով, շենքի շինարարությունը հանձնել ենք հավատքով, աղոթքով, մատաղով ու այսօր էլ՝ 20 տարի անց տոնել ենք 20-ամյակը հավատքով, աղոթքով ու էլի մատաղով:
-1990-ականներին՝ տասը տարի օտարի հարկի տակ գործելուց հետո ձեռնամուխ եղաք շատ ծավալուն գործի՝ որոշեցիք կյանքի կոչել սեփական տանիք ունենալու վաղեմի ցանկությունը: Ո՞րն էր այն խթանը, որ առաջ էր մղում:
- Առաջնային նպատակն, իհարկե, կրթություն տալն է, սերունդներ դաստիարակելը, պետության համար արժանի քաղաքացիներ պատրաստելը, ինչը կարծում եմ մեզ հաջողվել է: Այսօր էլ մեր նպատակն է նույնկերպ շարունակել մեր սուրբ գործը: Սուրբ, քանի որ ավելի կարևոր ու անբասիր գործ չեմ պատկերացնում: Կրթությամբ կարող ես նպաստել հայ մարդու հայեցի մտածելակերպի զարգացմանը՝ այդպիսով քո մասնակցությունն ունենալով նրա ապագայի կերտման գործում: Եթե հասունության բարձունքից հայացք նետելով անցյալին գիտակցում ես, որ կարողացել ես որևէ բանի հասնել և հավատարիմ ես ինքդ քեզ, հոգուդ առջև բավարարվածություն ես զգում, ուրեմն կյանքդ իմաստալից ես ապրել, իրականացրել ես նպատակդ՝ հանուն ինչի կարելի էր կրկնել ապրածդ ճանապարհը: Կարծում եմ՝ իրեն հարգող, արժանապատիվ և ոչ մի արարած չի հրաժարվի կրկին անցնել կյանքի իր ճանապարհը: Միգուցե այդ ճանապարհը հղկեի, ավելի սահուն ու անցանելի դարձնեի, բայց որ կանցնեի՝ միանշանակ:
Երբ կարողանում ես ինքնուրույն, առանց որևէ մեկի աջակցության կյանքի կոչել նպատակդ, թեկուզ և մեծ չարչարանքից հետո, ինքնաբավարարվածության զգացում ես ունենում: Երբ հետ ես նայում, ու ինքդ քեզ ասում ես՝ կարողացա հաղթահարել ևս մեկ փորձություն, քեզ լիարժեք ես զգում: Անկախ այն բանից, թե քայլդ որքան բարդ է եղել, այն եղել է քո կյանքի իմաստը: Կյանքիդ պատմության մեջ գրում ես նոր էջ, երբ հետադարձ հայացք ես նետում չես ամաչում, ընդհակառակը, հպարտանում ես ինքդ քեզնով, որ կարողացել ես մարդկության համար բարին արարել:  
- Բնական է՝ որքան էլ հզոր կամք ու գիտելիքներ ունենաս՝ միայնակ դժվար է մեծ բարիք ստեղծել: Ձեր կողքին մարդիկ էին, որ հավատացին, որ թիկունք դարձան՝ արարելու մի կրթական կաճառ, որ պիտի սերունդներ կրթեր, բարձրակարգ մասնագետներ պատրաստեր պետության համար: Ովքե՞ր էին այն «ռոմանտիկները», որ հավատացին այսօր արդեն 30-ամյա «Գլաձորի» ապագային:
-«Գլաձորի» հիմնադրման հարցում ամենաէական ներդրումն ունեցել ենք ես և կինս՝ պրոռեկտոր Ամալյա Խառատյանը: Բնական է, նա չէր կարող անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին: Բայց «Գլաձորի» հիմնադրման այս 30-ամյա պատմության մեջ նրա ավանդն անչափելի է: Նա էր, որ ինձ պես հավատում էր, որ մենք ոչնչից կարող ենք ստեղծել համալսարան: Երբ ընտանիքում առկա է միասնական միտք, միակարծություն, ընտանիքի հաջողությունը  երաշխավորված է: Մենք մեր կյանքն ապրել ենք հանուն «Գլաձորի» կայացման, նրանով են պայմանավորվել մեր հույզերն ու ապրումները: Մեր կյանքի նպատակն է եղել անդադար ստեղծել, արարել: Երբ մարդը ստեղծող է, նրա միտքն այլ ուղղությամբ չի աշխատում, հագնվելը, սնվելը, շրջագայելը մղվում են երկրորդ պլան: Երբեք ակնկալիքներ չենք ունեցել, բայց հիմա արդեն ունենք, այն է՝ հայկական կրթության պատմության էջերում տեսնել «Գլաձորի» ուրույն դերակատարումն ու ավանդը, որ թողել ենք այս 30 տարիների ընթացքում և այն պատմությունը, որ «Գլաձորը» դեռ պիտի կերտի: Խառատյանը եղել է ինձ հավատ ներշնչողներից, ուղղորդողներից մեկը և պատահական չէ, որ հաճախ նրան անվանում եմ «Бойевой друг»: Երբ տունդ, թիկունքդ ամուր է, դու քեզ ամուր ես զգում: Խառատյանը եղել է այն հիմնադիրներից, այն հենասյուներից մեկը, որի վրա կառուցվել է «Գլաձորը»:  Շատ կարևոր է իմանալ, որ մեկնածդ ձեռքը բռնելու են, իսկ Խառատյանը եղել է այդ ձեռքը բռնողներից մեկը: Թվում է՝ երեսունն այնքան էլ մեծ տարիք չէ համալսարանի համար, բայց այն հսկայական ժամանակաշրջան է մեզ համար, քանի որ մենք այն ստեղծել ենք միայնակ, առանց որևէ աջակցության: Դրանք եղել են երեսուն իմաստալից տարիներ, որ կարելի էր օգտագործել տարբեր նպատակներով: Երբեմն, երբ տրվում եմ ինքս իմ մտքերին, առանձնանում եմ նրանց հետ՝ հարցնում եմ, արդյո՞ք համարձակությունս կբավականացներ նորից սկսել: Երիտասարդ տարիներին՝ միանշանակ, բայց այսօր՝ երևի չհանդգնեի՝ իսկ եթե չհասցնե՞մ՝ իսկ եթե նպատակս անավարտ մնա:
Շենքի շինարարությունն արդեն ավարտված էր, երբ մեզ հյուր եկավ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանն ու տեսնելով որ մաքրման աշխատանքներում նաև ես ու կինս ենք ներգրավված, ասաց՝ հիմա հասկանում եմ՝ ինչի շնորհիվ Դուք կարողացաք այսքան արագ ավարտին հասցնել շենքի կառուցումը և խոստացած ժամկետում սկսել ուսումնական գործընթացը: «Գլաձորը» կայացավ նվիրյալների շնորհիվ: Մեր կողքին էին նաև մարդիկ, ովքեր մինչ օրս բարձր են պահում մեր համալսարանի պատիվը, մինչ օրս հարազատի պես են վերաբերվում են մեր «երրորդ զավակին»: Անուններ չեմ ցանկանում նշել, քանի որ նրանք շատ են, ցավոք՝ ոմանք այլևս մեր կողքին չեն: Հուսով եմ, մեր միասնական աշխատանքը դեռ երկար կշարունակվի, քանզի որդեգրել ենք ազգանվեր առաքելություն:  Միասնականությունը ամենակարևոր հանգամանքն է, որ պետք է առկա լինի ընտանիքում, համալսարանում, ազգի, պետության մեջ: Այսօր, այս պատերազմական իրավիճակում ամեն պահի ես ինձ հարցնում եմ՝ ո՞րն է մեր ազգի հաջողության գրավականը: Ու ամեն անգամ նորովի բացահայտում պատասխանը՝ մեր հաջողության գրավականը միասնական կամքի առկայությունն է:
 -«Գլաձորը» վերահավատարմագրման գործընթացում է: Ի՞նչ փուլում են այժմ աշխատանքները և ի՞նչ ակնկալիքներ ունեք հերթական հավատարմագրումից:
- Հավատարմագրման գործընթացը շատ կարևոր հարց է Հայաստանի Հանրապետության համար, ի վերջո պետք է հասկանալ, որ գոյություն ունի բուհի երկու կարգավիճակ՝ հավատարմագրված և չհավատարմագրված: Հուսանք՝ ի վերջո մենք կհասնենք այն գիտակցությանը, որ ամենևին նշանակություն չունի՝ ով է բուհի հիմնադիրը: Աշխարհի լավագույն բուհերից շատերը մասնավոր են, ու ոչ ոք չի հարցնում օրինակ Հարվարդի, Քեմբրիջի համալսարանները մասնավոր են, թե պետական: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում սկսվել է դեռևս 20 տարի առաջ, և առաջին հավատարմագրվողներից մեկը եղել է հենց»Գլաձոր՚ համալսարանը: Ու այժմ համապատասխան կառույցները կարծում են, թե նախկինում իրականացված հավատարմագրման գործընթացը չի համապատասխանում ՀՀ կրթական համակարգի պահանջներին: Մի քանի տարի առաջ էլ եվրոպական չափանիշներին համապատասխան ինստիտուցիոնալ հավատարմագրում տեղի ունեցավ, ինչի արդյունքում»Գլաձորը՚ կրկին առաջիններից մեկն էր, որ հավատարմագրվեց: Հարց է ծագում՝ ի±նչ է տալու նոր հավատարմագրումը: Այն պետք է ունենա իմաստ, իրականացնողը պետք է որդեգրի որոշակի գաղափար և եթե նա այդ գաղափարը հավատարմագրման արդյունքում կարողանում է կյանքի կոչել, ապա բուհը ստանում է որոշակի արտոնություններ, իսկ եթե հավատարմագրման բովանդակությունը թողնում է ճանապարհի կեսին՝ այն կորցնում է իր իմաստը: Բայց քանի որ դառնում է պարտադրված գործընթաց, ուրեմն պետք է ենթարկվել այդ վարքագծին: Հավատարմագրում են ձեռք բերածը, ունեցածը, այն դրականը և բացասականը, որը կա: Եթե մենք մոտ 5 տարի առաջ հավատարմագրվել ենք, և եթե մեր տված կրթությունը, գիտելիքները, ծառայությունները բավարարել են ժամանակի պահանջներին, հինգ տարի հետո, երբ եղածի վրա մենք նորն ենք կառուցել, մեր ակնկալիքը միայն մեկը կարող է լինել՝ եթե նախկինում հավատարմագրվել ենք 4 տարով, ապա հիմա ակնկալում ենք 6 տարվա ժամկետ: Մեր ակնկալիքը միայն մեր կատարած աշխատանքի ճիշտ գնահատումը կարող է լինել: Իսկ մենք առաջինն ենք գնահատում մեզ: Մենք ինքնավերլուծություն ենք ներկայացնում, հետո նոր մտնում գործընթացի հիմնական փուլ: «Գլաձորի» աշխատանքի հիմքում պարտաճանաչությունն է, ինչը պետք է գնահատվի պետության և հասարակության կողմից: Երբեք չենք ակնկալել, որ մեզ կօգնեն, մենք երբեք օգնություն չենք խնդրել, մենք ստեղծել ենք, ու ասել՝ գնահատեք, օգտվեք, վայելեք: Ինձ համար կարևորը հավատարմագրումը չէ, այլ արդյունքը: Շատ կարևոր է, որ հավատարմագրող կազմակերպությունը գործընթացի ավարտից հետո հավուր պատշաճի լուսաբանի, պետությանը, ԿԳՄՍՆ-ին տեղեկացնի իրավիճակը՝ ներկայացնելով, որ ՀՀ-ում կան բուհեր, որոնք լիարժեք են և որոնք ավելի քան արժանի են առաջինների շարքում լինելու, համահավասար վերաբերմունքի արժանանալու: Որ Կրթության մասին օրենքում ներդրվեն բուհերի ինքնավարության, հավասարության սկզբունքները, որ նույն այդ օրենքի մի հոդվածում չնշվի հավատարմագրված ոչ պետական բուհ հասկացությունը ու մոռացվի, որից հետո կրկին խոսվի միայն պետական բուհերի մասին: Նման հավատարմագրումը ոչինչ չարժե: Մենք կատարել ենք զգալի աշխատանքներ և պետք է հասնենք այն բանին, որ պետության և ԿԳՄՍՆ-ի կողմից ի վերջո իմաստ դրվի  հավատարմագրման գաղափարի մեջ: Դիմորդը չպետք է հարցնի՝ բուհը պետակա±ն է, թե± ոչ, այլ պետք է հարցնի՝ արդյո±ք հավատարմագրված է այն: 30 տարի առաջ, երբ»Գլաձոր՚ համալսարանը հիմնադրվեց, մեր առաջին դիմորդները հարցնում էին՝ ովքե±ր են մեզ դասավանդելու: Մարդիկ հասկանում էին, որ կարևորը գիտելիք տվողն է և ոչ թե այն, թե ում միջոցներով է ստեղծվել բուհը:
- Այս ուսումնական տարի «Գլաձորում» ակնհայտ փոփոխություններ եղան, նոր դասախոսներ, նոր մոտեցումներ կրթության կազմակերպմանը: Ի՞նչն է պատճառը:
- Ժամանակները փոխվում են, հասարակական հարաբերությունները զարգանում են, պատմության էջերը վերանայվում են, վերագնահատվում են և նոր ժամանակները թելադրում են իրենց պահանջները: Այսօր նույն հայոց լեզուն, հայոց պատմությունը պետք է դասավանդել բոլորովին այլ ձևով: Դպրոցում սովորում են հայոց լեզու, ընդունելության քննության ժամանակ երիտասարդը հավաքում է բարձր միավորներ, իսկ մենք բերում ենք համալսարան ու նրան կրկին սովորեցնում այն, ինչ նա սովորել է շուրջ 12 տարի: Բուհում չպետք է սովորեցնել թե ինչ բան է  նախադասությունը, ինչ է խոսքի մասը: Համալսարանում պետք է սովորեցնել լեզվի մշակույթ, խոսելու արվեստ, մտքերի կառուցման հմտություններ: Կամ հայոց պատմության դասավանդումը չպետք է լինի թվագրություն, չպետք է լինի իրադարձությունների շարադրանք, մենք պետք է նպատակ ունենանք լուծելու մի հարց՝ ինչն է պատճառը, որ հսկայական պետականություն ունեցող երկրից մնացել է ընդամենը մի բուռ Հայաստան ու Արցախ: Սա պետք է լինի հայոց պատմության դասավանդման հիմնական նպատակը, ասել է թե՝ պետք է կատարվի տեսական վերլուծություն: Պետք է հասկանալ և ուսանողին օգնել վերլուծել ու ըմբռնել՝ որո±նք են մեր հաջողությունների և անհաջողությունների պատճառները, ի՞նչ է պետք՝ հաջողության հասնելու համար: Այսօր ոչ ոք չի կարող չհպարտանալ սահմանին մարտնչող 18 տարեկան հերոսներով: Չի կարող նրանցով չհպարտանալ միայն հայ ժողովրդի լուսավոր ապագային չհավատացողն ու դրա մասին չերազողը: Տանկիստները 18-19 տարեկան երիտասարդներ են, նայում ես ու հոգիդ հպարտությամբ է տոգորվում, հասկանում ես, որ հայ երիտասարդն ինչպես դարեր ի վեր մարտնչող է, ձգտող: Հիշո՞ւմ եք Չարենցի տողերը՝»Ինչեր ասես, որ չեն անի՝ ամբոխները խելագարված՚: Այո°, ես հավատում եմ մեր ազգի միասնականությանը, խելագարված ամբոխի միասնական կամքին և ուժին, որն էլ մեր հաջողության երաշխիքն է: Վերադառնալով հարցին՝ նշեմ, որ այս փոփոխությունները դասախոսական կազմում մի նպատակ ունեն, այսօր մենք լսարան պետք է մտնենք նոր մտածելակերպով, նոր դասավանդման ձևով, մեթոդներով, նոր խնդիրներով ու նպատակներով, որ պետք է ձևավորվեն, փոխանցվեն նոր սերնդին: Եվ դա պետք է լինի ուսումնական հաստատության հիմնախնդիրներից մեկը:
- Պայմանավորված համավարակով՝ նախորդ կիսամյակում դասերը «Գլաձորում» ևս կազմակերպվեցին առցանց կարգով և կարծես՝ հաղթահարվեց՝ ոչ մի դաս չտուժեց:
- Հիմա կրկին ստիպված անցել ենք դասավանդման առցանց եղանակին՝ հարմարվելով իրավիճակին: Մենք այժմ վերահավատարմագրման գործընթացին զուգահեռ մտածում ենք նոր կրթական ձևերի իրականացման մասին: Շուտով պատրաստ կլինի հեռավար ուսուցման հարթակը: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արդեն կսկսվեն հեռավար ուսուցման վերապատրաստման աշխատանքները: Իրավագիտության ոլորտում ստեղծեցինք հսկայական կրիմինալիստիկայի լաբորատորիա, որ հանրապետությունում միակն է, և թերևս երկար ժամանակ այդպիսին էլ կմնա: Քաջ գիտակցում ենք, որ կրթությունը միայն բանավոր խոսքով՝ դասախոսություններով բավարար չէ, որ հարկավոր է օգտվել գիտության բարիքներից, պրակտիկ փորձից, վերլուծությունից, ինչի համար և ստեղծվեց լաբորատորիան: Եվ այս ամենը արվել է 5 տարի առաջ ստացած հավատարմագրումից հետո:
- Մեր ամբողջ զրույցի ընթացքում Դուք պարբերաբար անդրադարձաք լուսավորին, միասնականությանը, ուժին և հաջողությանը: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է դրանց հիմքում:
- Մարդը պետք է միշտ հույսը դնի սեփական ուժերի վրա, այլապես՝ հնարավոր չէ հաջողության հասնել: Պետք է առաջին հերթին հավատալ սեփական ուժերին, հնարավորություններին, վաղվա օրվան, ունենալ ձգտում, ցանկություն, նպատակ: Այս ամենը համադրելու դեպքում կստեղծվի այն, ինչի մասին երազում ես, իսկ պետությունը, որ անհատների ամբողջություն է, կարող է կայանալ, եթե քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի հավատ՝ ներկայի ու ապագայի նկատմամբ: Առանց դրա՝ ոչնչի հնարավոր չէ հասնել: Հիմա մարդիկ հավատում են, ես տեսնում եմ՝ ինչպես է հավատը մարդկանց լուսավորում, հենց այդ հավատի շնորհիվ ենք մենք հաղթելու, հենց այդ հավատի շնորհիվ ենք մենք ունենալու լուսավոր ապագա: Հավատացե°ք ինքներդ ձեզ, ձեր ուժերին, հավատացեք մեր երկրի ապագային, և մեր երկիրը կունենա պայծառ ու լուսավոր գալիք: