Գլաձորցի իրավաբանները մասնակցել են Փախստականների իրավունքի 10–րդ աշնանային դպրոցին

Գլաձորցի ապագա իրավաբանները ս․թ․ նոյեմբերի 5-ից 7-ը մասնակցել են Փախստականների իրավունքի 10–րդ աշնանային դպրոցին։

Իրավաբանների, հետազոտողների և փախստականների պաշտպանության ջատագովների համար փախստականների պաշտպանության հիմնադրույթների վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին, բացի մեր բուհի 6 ուսանողներից և խմբի համակարգող, ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ Արման Տոնիկյանից, մասնակցել են նաև Գավառի պետական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի և Երևանի պետական համալսարանի թվով 20 ուսանողներն ու համակարգողները։

Փախստականների միջազգային իրավունքի ներածության, կարգավիճակի որոշման, դադարեցման հիմքերի, սոցիալ–տնտեսական իրավունքների, միջազգային պաշտպանության երաշխիքների, փախստական երեխայի կարգավիճակի, ապաքաղաքացիության և վերաբերական այլ հարցերի շուրջ խոսել են հրավիրյալ գիտակ մասնագետներն ու կազմակերպիչ կողմերի փորձառու ներկայացուցիչները։

Եռօրյա հանդիպման ֆորմալ մասն ավարտվել է Հայաստանում հաստատված փախստականի հետ TedTalk–ով, ով ներկաներին պատմել է փախստականի դժվարությունների ու երազանքների մասին։

Վերջում դպրոցի մասնակիցներին հանդիսավոր հանձնվել է մասնակցության հավաստագրերը, իսկ ավելի ուշ խորհրդանշական այցով բոլորն ուղևորվել են դեպի ժամանակին լավագույն կրթական համալիրներից մեկը՝ Գոշավանք, որ հիմնադրվել է Մխիթար Գոշի կողմից։

Նշենք, որ հոբելյանական դպրոցը կազմակերպվել էր ԵԳՀ գործընկերոջ՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպութան և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) համատեղ ջանքերով։