Կայացավ ՈՒԳԸ XX նստաշրջանը

Սույն թվականի մայիսի 16-19- ը կայացավ Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) XX հոբելյանական նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան մոտ երեք տասնյակ ուսանողներ, իսկ բաժանմունքների նիստերի արդյունքում ընտրված երեք լավագույն աշխատանքները ներկայացվեցին մայիսի 19- ին կայացած լիագումար նիստում: Դիմելով լիագումար նիստին ներկա ուսանողներին՝ փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը նշեց, որ Երևանի «Գլաձոր» համալսարանն իր հիմնադրման առաջին տարիներից մեծ ուշադրություն է դարձրել ուսանողական գիտական ընկերության գործունեությանը, և ուրախալի է, որ «Գլաձոր»-ում շարունակվում են արդեն ավանդույթ դարձած աշխատանքները: Լիագումար նիստին ելույթներով հանդես եկան Տնտեսագիտության բաժանմունքը ներկայացնող III կուրսի ուսանողուհի Անի Հովհաննիսյանը «Բրենդ և բրենդինգ» թեմայով, Իրավագիտության բաժանմունքից՝ Կարեն Դավիթյանը «Ընտանեկան բռնության հիմնահարցեր» թեմայով, իսկ Փիլիսոփայության բաժանմունքից «Եզդիականություն: Մշակույթը, կենցաղը, բարքերը» թեմայով զեկույց ներկայացրեց Ալինա Հաջոյանը: Զեկուցումներին հաջորդեցին քննարկումները և ելույթները, ապա պատվոգրեր հանձնվեցին XIX նստաշրջանում զեկույց ներկայացրած ուսանողներին: