Բացվեց «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնը»

Բացվեց «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնը»

Կրթությունը լիարժեք է դառնում, երբ ուսումնառողը տեսական գիտելիքներին զուգահեռ հնարավորություն է ունենում նոր գիտելիքները կիրառել գործնականում: Այս նպատակով Երևանի «Գլաձոր» համալսարանում օրերս բացվեց «Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»՝ ուսումնափոր­ձագիտական կառույց՝ եզակի հանրապետությունում իր տեսակով և հնարա­վո­րութ­յուններով: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության, դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ, կրթական հաս­տատությունների ղեկավարներ և այլ հյուրեր:

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներով և «Գլաձորի» ղեկավարության, կրիմինալիստիկայի ոլորտի լավագույն մասնագետների ջանքերի շնորհիվ երկամյա աշխատանքներից հետո այսօր բուհում գործում է կենտրոն, որը լավագույն հնարավորություն է ինչպես գլաձորցիների, այնպես էլ այլ բուհերի իրաբավանական և հարակից ոլորտների ուսումնառողների, իրավագիտություն մասնագիտությունը նախընտրող՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար՝ ստանալ լիարժեք գիտելիքներ, սեփական ձեռքով ու աչքով կատարել փորձաքննություններ, ի վերջո՝ մասնագիտանալ այսօր՝ վաղը գործելու նպատակով: Նորաստեղծ կառույցի նպատակներից է նաև ՀՀ-ի, ինչու ոչ նաև ալ պետությունների համար դատական փորձագետների ստեղծումը, և անկախ փորձագիտական կենտրոն դառնալը՝ իրականացնելով դատակրիմինալիստիկական փորձաքննություններ: Ինչպես իր ելույթում նշեց «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իր.գ.դ., պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը՝ «Ի սկզբանե կենտրոնի ստեղծման նպատակը ոչ միան «Գլաձոր» համալսարանի ուսումնառողների և դասախոսների կողմից դրա օգտագործումն էր, այլ նաև համագործակցությունն իրավագիտություն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների, փորձաքննություններ իրականացնող կառույցների, իրավապահ մարմինների, փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ»: Ի դեպ, պետք է նշել, որ արդեն համագործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի, ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ Փասատաբանների պալատի հետ:

Կառույցի բացմանը ներկա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բուհին ուսումնական կենտրոնի բացման կապակցությամբ, նշեց. «Այն, ինչ տեղի է ունենում «Գլաձորում», բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես ոչ պետական բուհում, մեր ցանկալի արդյունքն է: Խոսվում է այն մասին, որ պետությունը ցանկանում է փակել մասնավոր բուհերը, ամենևին այդպես չէ, մենք ցանկանում ենք ունենալ իրական բուհեր, որտեղ կա կրթություն, գիտություն, հետազոտություն: «Գլաձոր» hամալսարանը, իր զարգացման տարիների ընթացքում այդ նպատակն է hետապնդել, իսկ այս կենտրոնի բացումը դրա ապացույցներից է: Համոզված ենք, որ «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնի» ստեղծման համար հատկացված միջոցները, կենտրոնն ինքը կծառայեն իրենց նպատակին: Նույն ծրագրի շրջանակներում մենք ունենք օրինակներ, որ միջոցները հատկացվել են լաբորատորիաների ստեղծմանը և դրանք պատշաճ կերպով չեն գործում: Մենք ուզում ենք որ այս դեպքում այդպես չլինի: Այն եռանդը, որ առկա բուհի ղեկավարության մոտ, ինձ հավատ է ներշնչում, որ այս կենտրոնը դառնալու է փորձագիտական լուրջ կառույց «Գլաձոր» համալսարանի և մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»:

Կենտրոնն ընդգրկում է՝ կրիմինալիստիկական ուսումնական կաբինետ, կից մասնա­գի­տական լոկալ գրադարանով և մատնադրոշմային, հետքաբանական, ձեռագրա­բա­նական ֆինանսատնտեսական  և դատահաշ­վապա­հա­կանհամակարգչա­տեխնիկական լաբորա­տորիաներ: Վերջին սերնդի փորձագիտական սարքավորումները հնարավորություն են տալիս իրականացնել հետքաբանական, ձգաբանական, փաստաթղթափորձաբանական, հողագիտական, կենսաբանական և մանրաթելերի, համակագչատեխնիկական փորձաքննություններ:

Ներկաներից շատերը, բարձր գնահատելով նոր կառույցը, նշում են ինչպես կրթական, այնպես էլ դատաիրավական համակարգում փորձագիտական կենտրոնի անհրաժեշտության մասին.  «Մենք մինչ օրս չենք ունեցել նման կառույցներ և դա թերացում է: Նման ոչ այնքան մատչելի հաճույքը կարող է դառնալ կենտրոն, որտեղ կզարգանան միջհամալսարանական կապերը, որտեղ կզարգանան իրավաբանական գիտելիքները: Կրիմինալոգիան առանց նմանատիպ հաստատության, առանց նման ունակությունների և հմտությունների ձեռքբերման հնարավորությունների շատ դժվար է պատկերացնել: Այսօր՝ այս միջոցառմամբ «Գլաձոր» համալսարանը ևս մեկ քայլ է անում՝ ջնջելու մասնավոր և պետական բուհերի միջև տարբերությունը: Հերթական անգամ ապացուցվում է, որ խնդիրը մարդկանց մեջ է, կադրերի, գիտնականների, ովքեր տիրապետում են իրականությանը»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Երևանի «Գլաձոր» համալսարանն իրականացնում է հանրապետությունում միակ՝ «Կրիմինալիստիկական գործունեություն» մագիստրոսական ծրագիրը, որի իրականացման գործընթացում ներգրավված են հանրապետության լավագույն մասնագետները, ովքեր համապատասխան ոլորտում ունեն անհրաժեշտ մասնագիտական պրակտիկ փորձ: Նորաստեղծ «Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը» լավագույն հարթակ է «Կրիմինալիստիկական գործունեություն» մասնագիտությունն ուսումնասիրողների համար՝ ձեռք բերված գիտելիքներն անմիջապես կիրառելու լաբորատոր պայմաններում:

Նորաստեղծ «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնին» վերագրվող գործառույթները բազմազան են, իսկ նպատակներն առաջ գնացող. «Մեր խնդիրների իրականացման համար մենք ունենք գիտական և փորձագիտական ներուժ պատասխանատվություն կրելու, պատրաստակամությամբ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»,- իր խոսքում նշեց ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը՝ ակնկալելով պատկան մարմինների օժանդակությունը և հավատալով վաղվա օրվա հաջողություններին, հայ ժողովրդի և պետության ապագային, քանզի այդ հավատն է ուժ ներշնչում արարելու և նորը ստեղծելու, կրթության մակարդակը բարձրացնելու, արժանի մասնագետներ պատրաստելու համար, ինչը Երևանի «Գլաձոր» համալսարանի համար եղել է ուղենիշ գոյութան 29 տարիների ընթացքում: