Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, բժիշկ, գրող, հրապարակախոս պրոֆեսոր ՅԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼԵԱՆի հետ այսօրվա` «Լեզու և հայրենատիրություն» խորագրով հանդիպում-զրույցը հայկականի ոգով լի էր։
Հանդիպման սկզբում ԵԳՀ հիմնադիր, ռեկտոր ի.գ.դ., պրոֆ. Ժ.Ջհանգիրյանը ողջունեց պրոֆեսոր ՅԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼԵԱՆին` իր ելույթում արժևորելով հարգարժան հյուրի մասնագիտական, գիտակրթական և հասարակական հայրենանվեր բազմամյա գործունեությունը և կարևորելով ուսանողների հետ «Լեզու և հայրենատիրություն» խորագրով հանդիպում ծավալելու նրա` ժամանակ տրամադրելու պատրաստակամությունը։ Այնուհետ ողջույնի խոսք հղեց միջոցառման նախաձեռնող, ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոց. Լ. Սահակյանը` երախտիքի խոսքն ուղղելով հարգարժան պրոֆեսոր Այնթապլեանին և միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգող տիկին Հելլեն Երեմյանին։ Միջոցառմանը ներկա էին Լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոց. Ս. Մանուչարյանը, ԵԳՀ Երևանի Գլաձոր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը և քոլեջի պատասխանատու տիկին Հովհաննիսյանը։ Հանդիպման մասնակից ուսանողները տարբեր մասնագիտությունների և կուրսերի ուսանողներ էին` «Բուժական գործ» և «Ատամնաբուժություն» մասնագիտությունների 1-ին կուրսերը, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերը և «Գլաձոր» քոլեջի 1-ին և 3-րդ կուրսերը։ Պրոֆեսոր Այնթապլեանի ելույթը հայոց լեզուն անաղարտ պահելու, անհարկի օտարաբանություններով հայերենը չաղտոտելու, հայրենասիրության, հայրենատիրության, հայրենիքին պաշտպան լինելու, հայկական հողի վրա արարելու և հայրենիքը հզորացնելու մասին էր։ Պրոֆեսորի ելույթին հաջորդեց հարց-պատասխան քննարկման փուլը, իսկ հանդիպման ավարտին ԵԳՀ ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը և պրոֆեսոր Այնթապլեանը փոխանակվեցին հեղինակային արժեքավոր գիրք-ընծաներով։ Ինչպես նաև, ԵԳՀ Լեզուների ամբիոնի դասախոս Ս. Մանուչարյանը հարգարժան հյուրին նվիրեց իր հեղինակած «Բարբառագիտության դասընթաց» ուսումնամեթոդական ձեռնարկը։ Հյուրերի հետ հանդիպումն ավարտվեց կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ` այս անգամ արդեն նոր միջոցառման ժամանակ` հայերենի առարկայական լսարանի բացմանը։