Մոսկվայի Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Բազմամշակութային կրթական տարածք․ բազմալեզվություն և ժամանակակից կրթական արհեստական բանականության տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին որպես միջոցառման կազմկոմիտեի անդամ, հրավիրյալ բանախոս-փորձագետ ելույթով հանդես եկավ ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ.դոց. Լիլիթ Սահակյանը (թեմա` "From Chalkboards to Chatbots: Balancing AI, Academic Integrity, and Human Values" («Կավճագրատախտակներից մինչև չաթբոտեր. արհեստական բանականության, ակադեմիական ազնվության և մարդկային արժեքների հավասարակշռումը»)։ Գիտաժողովին որպես ունկնդիր մասնակցում էին նաև ԵԳՀ Լեզուների ամբիոնի դասախոսները։
Գիտամանկավարժական փոխգործակցության մասնագիտական հարթակը միավորել էր գիտնականների, դասախոսների և մանկավարժների տարբեր երկրների բուհերից։ Ելույթներով հանդես եկան Գերմանիայի Ռուր-Բոխումի համալսարանից, Մյոնխենգլադբախի Hochschule Niederrhein համալսարանից, ՌԴ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի «МИФИ» Միջազգային հարաբերությունների ինստիտուտից, Պլեխանովի անվ. ՌՏ համալսարանի Օտար լեզուների N1 ամբիոնից, Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանից, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանից, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանից և այլն։
Կոնֆերանսի նպատակներն էին՝ խթանել բազմալեզվության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղիները կրթական գործընթացներում՝ նպաստելով ակադեմիական համագործակցությանը միջազգային մակարդակով, հետազոտել գիտակրթական դաշտի զարգացման արդի միտումները, ներկայացնել կրթության լավագույն փորձառությունները՝ միջառարկայական մոտեցման, բազմալեզվության և բազմամշակութայնության համատեքստում, քննել ժամանակակից կրթական տարածության բազմապարադիգմային բնույթը որպես զարգացման ուղղություն, ներկայացնել օտար լեզուների դասավանդման նորագույն մեթոդները, տեղեկացնել կրթության մեջ թվային և արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին: