Միջոցառմանը մասնակցեցին ԵԳՀ ռեկտոր, ի․գ․դ․, պրոֆեսոր Ժ․ Ջհանգիրյանը, Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ք․գ․թ․, դոցենտ Ն․ Գրիգորյանը, ՀՀ ԱԳՄԱ նախարարության խորհրդական Ա․ Հովհաննիսյանը, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հ․ Թաշչյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Քննարկման առանցքում Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչն էր՝ արտաքին քաղաքական և տնտեսական շահերի փոխկապակցվածության, տնտեսական դիվանագիտության զարգացման և արտաքին տնտեսական քաղաքականության նոր հնարավորությունների համատեքստում։
Մասնակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության արդի առաջնահերթություններին, արտաքին առևտրի և արտահանման խթանմանը, նոր շուկաների ու միջազգային գործընկերների բացահայտմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը, տնտեսական անվտանգությանն ու արտաքին տնտեսական ռիսկերի կառավարմանը։
Առանձին ուշադրություն դարձվեց տնտեսական դիվանագիտության գործիքակազմի զարգացմանը, Հայաստանի տնտեսական ներուժի միջազգային առաջմղմանը, պետություն–մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև այն մասնագիտական գիտելիքներին ու հմտություններին, որոնք անհրաժեշտ են ժամանակակից դիվանագետներին և միջազգային հարաբերությունների ոլորտի ապագա մասնագետներին։
Կլոր սեղանը հնարավորություն ընձեռեց ձևավորելու մասնագիտական երկխոսություն, փոխանակվելու տեսակետներով և քննարկելու Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության զարգացման հեռանկարներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Երևանի «Գլաձոր» համալսարանը կարևորում է նման մասնագիտական հարթակների ձևավորումը, որոնք նպաստում են ակադեմիական գիտելիքի և գործնական փորձի համադրմանը, ուսանողների մասնագիտական մտածողության զարգացմանը և արդի միջազգային գործընթացների շուրջ բովանդակային քննարկումների խթանմանը։