ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Կարևորելով կրթությունն ու ակադեմիական հաջողությունները՝ ուսանողները միաժամանակ ապրում են հագեցած ուսանողական կյանքով՝ ներգրավված են տարբեր երիտասարդական ակումբներում (ընթերցասերների, դիվանագետների, լեզվաբանների, կինոսերների և այլն), ուսանողական կազմակերպություններում, ՀԿ-ներում: Ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հասարակական կյանքին, մասնակցում երիտասարդական միջոցառումների, գիտաժողովների, սեմինարների: Գլաձորցիները ներգրավված են նաև մշակութային միջոցառումներում
Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն
Հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով եզակի կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի նպատակն է ուսանողների պրակտիկ հմտությունների և կարողությունների զարգացումը, համալսարանի, այլ ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների, գործարար և գիտական ոլորտների ազգային համագործակցության հիմքերի ստեղծումը: Կենտրոնն ընդգրկում է՝ կրիմինալիստիկական ուսումնական կաբինետ, կից մասնագիտական լոկալ գրադարանով և մատնադրոշմային, հետքաբանական, ձեռագրաբանական ֆինանսատնտեսական և դատահաշվապահական, համակարգչատեխնիկական լաբորատորիաներ: Կենտրոնի նյութատեխնիկական և լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունն ապահովում է ուսանողներին առավել արդիական գիտելիքների հաղորդումը: Կենտրոնի ստեղծմամբ զարգացման նոր աստիճան է սահմանվել «Կրիմինալիստիկա» և հարակից դասընթացների դասավանդման մեջ, ապահովվել է ուսուցման գործնական ուղղվածությունը և հաղորդվող գիտելիքների կապը պրակտիկայի հետ: «Գլաձոր» համալսարանը կենտրոնի գործունեության շրջանում համագործակցում է հանրապետության ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ: Տարբեր բուհերի «Իրավագիտություն» մասնագիտության ուսումնառողները և պրոֆեսորադասախոսական կազմը ազատ են օգտվելու ուսումնական կաբինետի և լաբորատորիայի հնարավորություններից, իրականացնելու համատեղ ծրագրեր և անցկացնելու ուսումնական պրակտիկան:
Դատական նիստերի դահլիճ
«Գլաձոր» համալսարանում գործում է բուհի Դատական նիստերի դահլիճը՝ երկրորդն ամբողջ հայաստանյան բուհական համակարգում: Նիստերի դահլիճի  նպատակն է համալսարանի ուսանողներին հնարավորություն տալ ուսումնական ծրագրին առնչվող քննարկում-միջոցառումները կազմակերպել պատշաճ մակարդակով, անցկացնել դատախաղեր, տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ձեռք բերել դատավարության կազմակերպման և անցկացման հմտություններ` համապատասխան պայմանների առկայությամբ: Նիստերի դահլիճը հիմք կհանդիսանա հետագայում իրավաբանական գործունեություն ծավալելու համար:
Ստոմատոլոգիական կլինիկա
Համալսարանում գործում է «Յունիդենտ» ստոմատոլոգիական կլինիկան՝ հագեցած վերջին սերնդի սարքավորումներով և նյութերով: Այն որպես ուսումնաօժանդակ կառույց է ծառայում «Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսումնառողների համար, վերջիններս տեսական գիտելիքները միաժամանակ համադրում են գործնականի հետ: Կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր նաև դասավանդում են համալսարանում: Կլինիկան սպասարկում է համալասարանի ուսանողներին և դասախոսներին:
Սիմուլյացիոն սենյակ
«Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» ֆակուլտետների ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լավագույն հնարավորություն է սիմուլյացիոն սենյակն իր անհրաժեշտ հագեցվածությամբ: Սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը հնարավորություն է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:
Բժշկագիտական լաբորատորիաներ
Համալսարանում «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների իրականացմանը զուգահեռ բացվեցին անատոմիայի, մանրէբանության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի հյուսվածաբանության լսարան-լաբորատորիաները: Վերջիններիս նպատակն է ուսումնառողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը: Լաբորատոր սարքավորումների, մուլյաժների, մանրէաբանական սարքավորումների, մանրադիտակների, ոսկրերի, կմախքների և այլ նյութերի ու սարքավորումների առկայությամբ հնարավորություն է ստեղծված լիարժեք իրականացնել տեսական և գործնական դասընթացները: Ժամանակակից սարքավորումների, լավագույն ուղեցույցերի և որակյալ նյութերի կիրառումը ուսումնառության մեջ՝ հնարավորություն է տալիս հայ և արտասահմանցի ուսանողներին դեռևս ուսումնառության տարիներին գործնականում յուրացնելու մասնագիտական գիտելիքները:
Կոնֆերանս դահլիճ
«Գլաձոր» համալսարանում գործում է կոնֆերանսների, խորհրդակցությունների, սեմինարների, թրեյնինգների և այլ հանդիպումների անցկացման համար նախատեսված տեխնիկական ու հաղորդակցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճը՝ նախատեսված մինչև 60 անձի համար: Դահլիճը հագեցած է ելույթների տեսալսողական ու ներկայացմանն օժանդակող սարքավորումներով, համաժամանակյա թարգմանության խցով և թարգմանչական սարքավորումներով, խոսափողներով: Այն ծառայում համալսարանական միջոցառումների իրականացման համար, ինչպես նաև վարձակալական հիմունքներով տրամադրվում տարբեր կազմակերպությունների:

Հանդիսությունների դահլիճ
Ավելի քան 300 հոգի հյուրընկալող հանդիսությունների դահլիճը նախատեսված է գիտաժողովների, ուսանողական միջոցառումների, ավարտական հանդիսությունների համար: Համալսարանի գործունեության բոլոր տարիների ընթացքում դահլիճում իրականացվել են բազմաժանր միջոցառումներ, կազմակերպվել միջհամալսարանական գիտախաղեր, կինոդիտումներ և քննարկումներ, նշվել են Երևանի «Գլաձոր» համալսարանի հոբելյանական միջոցառումները և այլն:
Smart (խելացի) լսարան
«Գլաձորի» և «ՎԻՎԱՍԵԼԼ ՄՏՍ-ի» համագործակցության արդյունքում` 2012 թվականից համալսարանում գործում է Smart լսարանը` հագեցած համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակով, արտապատկերիչով: Smart լսարանում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:
Էլեկտրոնային գրադարան և համակարգչային սրահներ
Էլեկտրոնային գրադարանը և համակարգչային սրահներն ուսանողներին հնարավորություն են տալիս յուրացնել համակարգչային հմտություններ, դասավանդվող առարկաներն անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել ժամանակակից համակարգիչների, պատկերադարձիչի և մյուս լրացուցիչ սարքերի ուղեկցությամբ: Համակարգչային լսարանների մշտապես թարմացվող վերջին սերնդի համակարգիչները միացված են ներքին ցանցով, ինչը դասախոսին հնարավորություն է ընձեռում հարկ եղած դեպքում ուսանողներին անհատապես ցույց տալ, բացատրել մատուցվող նյութը:
Գրադարան
Համալսարանի գրադարանը ստեղծվել է 1990թ.-ին՝ բուհի ստեղծման առաջին իսկ տարում: Համալսարանի գրաֆոնդը՝ շուրջ 15000 անուն գրականություն, մշտապես համալրվում է մասնագիտական և գեղարվեստական հայալեզու և օտարալեզու գրականությամբ, գիտական հրատարակություններով: Ֆոնդը հարստանում է նաև տարբեր հեղինակների կողմից կատարվող նվիրատվությունների շնորհիվ: Գրադարանը համագարծակցում է Հայաստանի ազգային գրադարանի, ինչպես նաև հանրապետության տարբեր՝ քաղաքային և կրթական հաստատությունների գրադարանների հետ:
Սպորտդահլիճ
Համալսարանն ունի ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզասրահ, որտեղ անց են կացվում աերոբիկայի և ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները, դրանք իրենց դրական ազդեցությունն են ունենում ուսանողի ընդհանուր առաջադիմության բարձրացման վրա:
Ուսանողների տրամադրության տակ է նաև վոլեյբոլի բացօթյա դաշտը: