Կրթական բարեփոխումների շուրջ. բանավիճում են քոլեջականները
Նոյեմբերի 20-ին ԵԳՀ «Գլաձոր» քոլեջի ՈՒԽ նախագահ Էլեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և փոխնախագահների, թիմի աջակցությամբ իրականացվեց «Կրթական բարեփոխումները» թեմայով բանավեճ: Բանավեճին մասնակցում էին «Նոր ալիք» և «Մեկ քայլ առաջ» թիմերը: Մասնակից թիմերի ներկայացուցիչները դրսևորեցին լուրջ ակտիվություն, ակնհայտ էր վերջիններիս՝ թեմայի մասին տեղեկացվածությունը և բարեփոխումների ուղղությամբ սեփական դիրքորոշման կայունությունը: Ներկաների բնորոշմամբ կար տպավորություն՝ կարծես բանավիճում են կրթական համակարգում թրծված անհատներ. կողմերը հակազդում էին միմյանց գրագետ խոսքով և հիմնավորումներով: «Մեծ բավականություն էր հետևել 16-17 տարեկան պատանիների խոսքին, հասուն մտքերին»,- նշում է քոլեջի կուրսղեկ Ա. Հովհաննիսյանը: Ներկաների՝ բանավեճը գնահատողների համար բավական բարդ էր ընտրել հաղթող թիմին, քանզի բանավեճի ամբողջ ընթացքում մասնակիցները դրսևորեցին հավասար ակտիվություն և գիտելիքների, պատրաստվածության բարձր մակարդակ:
Բանավեճի ավարտին ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոց. Լ.Սահակյանը ներկաներին նվիրեց բժիշկ, լեզվաբան, Նյու Յորքի ԳԱ պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի և բ.գ.դ. Արտեմ Սարգսյանի հեղինակած «Անհարկի հաճախակի գործածվող օտար բառերի հայերեն համարժեքների» բառարանները, որոնք օրերս անհատույց ստացել է ԵԳՀ ԼԵԶՈՒՆԵՐԻ ամբիոնը և գրադարանը։