Երևանի «Գլաձոր» համալսարանի աշխատակիցներ` Միջազգային համագործակցության և զարգացման գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռիմա Այդինյանը մասնակցեցին Սևիլիայի համալսարանի միջազգային աշխատակազմի շաբաթին:
Միջոցառման նպատակ էր խթանել միջհամալսարանական համագործակցությունը, փորձի փոխանակումը և միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացումը։ Մասնակցում էին 36 երկրների թվով 166 ներկայացուցիչ՝ բուհերի պրոռեկտորներ, վարչական և ակադեմիական աշխատակիցներ։ Ծրագրի միջոցառումները ներառում էին կլոր սեղան քննարկումներ, այցելություններ համալսարանի տարբեր ֆակուլտետներ և ստորաբաժանումներ։
Միջոցառումը մեկնարկեց Սևիլիայի համալսարանի միջազգային ռազմավարության քարտուղարության տնօրենի և շարժունության գծով տնօրենի խոսքով։ Ներկայացվեցին համալսարանի պատմությունը, միջազգայնացման ոլորտում հիմնական ռազմավարությունները, շեշտադրվեց համագործակցության կարևորությունը։
Քննարկվեցին՝
Սևիլիայի համալսարանի միջազգային համագործակցության ռազմավարությունը, Erasmus+ ծրագրերի նոր հնարավորությունները, Ուսանողական և ակադեմիական շարժունության կազմակերպման գործիքները, Միջազգային նախագծերի համատեղ իրականացման հնարավորությունները, Ուսանողների և աշխատակիցների շարժունության խթանման և խոչընդոտների հաղթահարման հնարավոր ուղիները։
Միջոցառման մասնակիցները եղան համալսարանի տարբեր ֆակուլտետներում, գրադարանում, միջազգային ուսանողների աջակցության կենտրոնում։
Այցի ընթացքում բացահայտվեցին նոր համագործակցության հնարավորություններ մի շարք բուհերի հետ, ձեռք բերվեցին համաձայնություններ ուսանողական շարժունության համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ։
Մասնակցությունը Սևիլիայի համալսարանի միջազգային աշխատակազմի շաբաթին արժեքավոր փորձի աղբյուր էր, կարևոր հարթակ միջազգային համագործակցության խորացման և նոր գաղափարների ներդրման համար։