Միջոցառումներ
Միացեք համալսարանում կայացող ակադեմիական և մշակութային միջոցառումներին, որոնք հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր ուսումնառողի հանդիպել քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, արվեստի և մշակույթի  առաջատար ներկայացուցիչներին, ծանոթանալ տարբեր մասնագիտական ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին՝ դառնալով դրանց անմիջական մասնակիցը:
Իրադարձություններ
Sep
28
Մասնակցություն միջազգային գիտագործնական գիտաժողով
Մոսկվայի Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Բազմամշակութային կրթական տարածք․ բազմալեզվություն և ժամանակակից կրթական արհեստական բանականության տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին որպես միջոցառման կազմկոմիտեի անդամ, հրավիրյալ բանախոս-փորձագետ ելույթով հանդես եկավ ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ.դոց. Լիլիթ Սահակյանը (թեմա` "From Chalkboards to Chatbots: Balancing AI, Academic Integrity, and Human Values" («Կավճագրատախտակներից մինչև չաթբոտեր. արհեստական բանականության, ակադեմիական ազնվության և մարդկային արժեքների հավասարակշռումը»)։ Գիտաժողովին որպես ունկնդիր մասնակցում էին նաև ԵԳՀ Լեզուների ամբիոնի դասախոսները։ Գիտամանկավարժական փոխգործակցության մասնագիտական հարթակը միավորել էր գիտնականների, դասախոսների և մանկավարժների տարբեր երկրների բուհերից։ Ելույթներով հանդես եկան Գերմանիայի Ռուր-Բոխումի համալսարանից, Մյոնխենգլադբախի Hochschule Niederrhein համալսարանից, ՌԴ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի «МИФИ» Միջազգային հարաբերությունների ինստիտուտից, Պլեխանովի անվ. ՌՏ համալսարանի Օտար լեզուների N1 ամբիոնից, Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանից, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանից, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանից և այլն։ Կոնֆերանսի նպատակներն էին՝ խթանել բազմալեզվության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղիները կրթական գործընթացներում՝ նպաստելով ակադեմիական համագործակցությանը միջազգային մակարդակով, հետազոտել գիտակրթական դաշտի զարգացման արդի միտումները, ներկայացնել կրթության լավագույն փորձառությունները՝ միջառարկայական մոտեցման, բազմալեզվության և բազմամշակութայնության համատեքստում, քննել ժամանակակից կրթական տարածության բազմապարադիգմային բնույթը որպես զարգացման ուղղություն, ներկայացնել օտար լեզուների դասավանդման նորագույն մեթոդները, տեղեկացնել կրթության մեջ թվային և արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին:
Sep
28
Հանդիպում Յակոբ Այնթապլեանի հետ
Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, բժիշկ, գրող, հրապարակախոս պրոֆեսոր ՅԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼԵԱՆի հետ այսօրվա` «Լեզու և հայրենատիրություն» խորագրով հանդիպում-զրույցը հայկականի ոգով լի էր։ Հանդիպման սկզբում ԵԳՀ հիմնադիր, ռեկտոր ի.գ.դ., պրոֆ. Ժ.Ջհանգիրյանը ողջունեց պրոֆեսոր ՅԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼԵԱՆին` իր ելույթում արժևորելով հարգարժան հյուրի մասնագիտական, գիտակրթական և հասարակական հայրենանվեր բազմամյա գործունեությունը և կարևորելով ուսանողների հետ «Լեզու և հայրենատիրություն» խորագրով հանդիպում ծավալելու նրա` ժամանակ տրամադրելու պատրաստակամությունը։ Այնուհետ ողջույնի խոսք հղեց միջոցառման նախաձեռնող, ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոց. Լ. Սահակյանը` երախտիքի խոսքն ուղղելով հարգարժան պրոֆեսոր Այնթապլեանին և միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգող տիկին Հելլեն Երեմյանին։ Միջոցառմանը ներկա էին Լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոց. Ս. Մանուչարյանը, ԵԳՀ Երևանի Գլաձոր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը և քոլեջի պատասխանատու տիկին Հովհաննիսյանը։ Հանդիպման մասնակից ուսանողները տարբեր մասնագիտությունների և կուրսերի ուսանողներ էին` «Բուժական գործ» և «Ատամնաբուժություն» մասնագիտությունների 1-ին կուրսերը, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսերը և «Գլաձոր» քոլեջի 1-ին և 3-րդ կուրսերը։ Պրոֆեսոր Այնթապլեանի ելույթը հայոց լեզուն անաղարտ պահելու, անհարկի օտարաբանություններով հայերենը չաղտոտելու, հայրենասիրության, հայրենատիրության, հայրենիքին պաշտպան լինելու, հայկական հողի վրա արարելու և հայրենիքը հզորացնելու մասին էր։ Պրոֆեսորի ելույթին հաջորդեց հարց-պատասխան քննարկման փուլը, իսկ հանդիպման ավարտին ԵԳՀ ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը և պրոֆեսոր Այնթապլեանը փոխանակվեցին հեղինակային արժեքավոր գիրք-ընծաներով։ Ինչպես նաև, ԵԳՀ Լեզուների ամբիոնի դասախոս Ս. Մանուչարյանը հարգարժան հյուրին նվիրեց իր հեղինակած «Բարբառագիտության դասընթաց» ուսումնամեթոդական ձեռնարկը։ Հյուրերի հետ հանդիպումն ավարտվեց կրկին հանդիպելու պայմանավորվածությամբ` այս անգամ արդեն նոր միջոցառման ժամանակ` հայերենի առարկայական լսարանի բացմանը։
Sep
28
Կրթական բարեփոխումների շուրջ. բանավիճում են քոլեջականները
Նոյեմբերի 20-ին ԵԳՀ «Գլաձոր» քոլեջի ՈՒԽ նախագահ Էլեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և փոխնախագահների, թիմի աջակցությամբ իրականացվեց «Կրթական բարեփոխումները» թեմայով բանավեճ: Բանավեճին մասնակցում էին «Նոր ալիք» և «Մեկ քայլ առաջ» թիմերը: Մասնակից թիմերի ներկայացուցիչները դրսևորեցին լուրջ ակտիվություն, ակնհայտ էր վերջիններիս՝ թեմայի մասին տեղեկացվածությունը և բարեփոխումների ուղղությամբ սեփական դիրքորոշման կայունությունը: Ներկաների բնորոշմամբ կար տպավորություն՝ կարծես բանավիճում են կրթական համակարգում թրծված անհատներ. կողմերը հակազդում էին միմյանց գրագետ խոսքով և հիմնավորումներով: «Մեծ բավականություն էր հետևել 16-17 տարեկան պատանիների խոսքին, հասուն մտքերին»,- նշում է քոլեջի կուրսղեկ Ա. Հովհաննիսյանը: Ներկաների՝ բանավեճը գնահատողների համար բավական բարդ էր ընտրել հաղթող թիմին, քանզի բանավեճի ամբողջ ընթացքում մասնակիցները դրսևորեցին հավասար ակտիվություն և գիտելիքների, պատրաստվածության բարձր մակարդակ: Բանավեճի ավարտին ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոց. Լ.Սահակյանը ներկաներին նվիրեց բժիշկ, լեզվաբան, Նյու Յորքի ԳԱ պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի և բ.գ.դ. Արտեմ Սարգսյանի հեղինակած «Անհարկի հաճախակի գործածվող օտար բառերի հայերեն համարժեքների» բառարանները, որոնք օրերս անհատույց ստացել է ԵԳՀ ԼԵԶՈՒՆԵՐԻ ամբիոնը և գրադարանը։