Իրավաբանական ֆակուլտետ

Ողջույնի խոսք,

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ֆակուլտետի ուսումնական և գիտական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ֆակուլտետի ուսանողների արտալսարանային կյանքին:

Սիրով`
Երևանի «Գլաձոր» համալսարանի
Ընդհանուր իրավագիտության ամբիոնի վարիչ,
իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ժ.Դ. Ջհանգիրյան

Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը ստեղծվել է 1990թ-ին: Մինչև 1993թ-ը Ֆակուլտետի կազմում գործել են` «Պետականագիտական առարկաներ»-ի ամբիոնը, որը ղեկավարել է ի.գ.թ., դոց. Հենրիկ Մկրտիչի Խաչատրյանը և «Քրեագիտական առարկաներ»-ի ամբիոնը, ի.գ.թ., դոց. Ռոբերտ Զավենի Ավագյանի ղեկավարությամբ:

Ֆակուլտետի աշխատանքներն առավել արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով 1993թ-ին Արծրուն Գուրգենի Էդիլյանի ջանքերով և գլխավորությամբ ստեղծում է մեկ` «Ընդհանուր իրավագիտության» ամբիոն:

1998-2000թթ. ամբիոնի աշխատանքները ղեկավարել է ի.գ.թ., դոց. Գուրգեն Հայկազի Այվազյանը, իսկ 2001-2002թթ.` ի.գ.թ., դոց., Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Միքայել Վախթանգի Գրիգորյանը:

2003թ-ից մինչ օրս ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է ի.գ.դ., պրոֆ. Ժորա Դանիելի Ջհանգիրյանը:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով ։

2006-07 ուս. տարվանից ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

2007 թվականից ներդրված է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:

«Ընդհանուր իրավագիտության» ամբիոնը ծավալում է լայն գիտական գործունեություն: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովներին: Գիտաժողովին ներկայացրած գիտական զեկույցները լույս են տեսնում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

Ամբիոնը ձեռնամուխ է եղել մի շարք դասագրքերի, մենագրությունների, ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկների պատրաստմանն ու հրատարակմանը:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն ստացած տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում` այն է կազմակերպել ու անցկացնել դատախաղեր, ձեռք բերել դատավարության կազմակերպման և անցկացման հմտություններ` 2010թ-ից այդ նպատակով ստեղծված Իրավաբանական կլինիկայում:

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, «Իրավագիտություն» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու և այլ նպատակներով, ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվել և համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, թեկնածուներով և դոցենտներով: Գործնական բնույթ կրող դասընթացների դասավանդումը շարունակվում է իրականացվել ոլորտում պրակտիկ աշխատանքով զբաղված մասնագետների կողմից: Ներկայումս «Ընդհանուր իրավագիտության» ամբիոնում դասավանդում են 15 դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:

Համագործակցություն

Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ «Գլաձոր» համալսարանի Ընդհանուր իրավագիտության ամբիոնը համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Դատախազության, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի հետ:

Միջոցառումներ

«Ընդհանուր իրավագիտության» ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինար:

Կրթական ծրագրեր

ԵԳՀ Իրավաբանական ֆակուլտետում գործող առկա մասնագիտությունների գծով Ընդհանուր իրավագիտության ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները: