ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի <<Գլաձոր>> համալսարանի ռեկտորի հրամանով համալսարանի թվով երեք աշխատակիցներ սույն թվականի փետրվարի 12-17-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հնգօրյա այցով գործուղվեցին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաք:

Աշխատանքային խումբը ղեկավարում էր համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:  Այցի նպատակն էր՝ համալսարանում կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի ստեղծման համար ուսումնասիրել ոլորտում առաջատար բուհերի փորձը:

Համալսարանի կողմից ձեռքբերված նախնական համաձայնությունների հիման վրա նշված ժամանակահատվածում աշխատանքային խումբը այցելեց և տեղում դիտարկում-քննարկումների միջոցով ծանոթացավ 4 ուսումնական հաստատությունների՝ Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի,  ՌԴ Ներքին գործերի նախարարության ինստիտուտի և Մոսկվայի քննչական կոմիտեի ակադեմիայի և փորձաքննությունների կենտրոնի ղեկավարների, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ, ինչպես նաև կրիմինալիստիական լաբորատորիաների սարքավորումներին, կահավորմանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը:

Աշխատանքային խումբը այցի ընթացքում կարողացավ իրականացնել իր առջև դրված նպատակը, ավելին բացի լաբորատորիաների ուսումնասիրությունից և տեղում դիտարկում-քննարկումներից,  Երևանի <<Գլաձոր>> համալսարանի և Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր,  որի առարկան բարձրագույն կրթության բնագավառում գործունեության բոլոր ուղղություններով համագործակցությունն է: Նմանօրինակ պայմանագրի կնքումը առավել կարևոր է դրամաշնորհային ծրագրի նպատակի իրականացման համար, քանի որ Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանն ունի Դատական փորձաքննությունների ինստիտուտ, որի կազմում իրականացվում են մասնագիտացված կրթական ծրագրեր, գործում են տասնյակից ավել մասնագիտացված լաբորատորիաներ:

Հանդիպում-քննարկումների ընթացքում վերոնշյալ ուսումնական հաստատությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աջակցել համալսարանին հետագա գործունեության արդյունավետ իրականացման համար:

28.02.2017