Վարպետության դասեր «Տարածաշրջանային արդի քաղաքական զարգացումները և Հայաստանը» խորագրով

Մարտի 21-26-ը «Գլաձոր» համալսարանում կայացավ «Գլաձորի» և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Տարածաշրջանային արդի քաղաքական զարգացումները և Հայաստանը» խորագրով մեկշաբաթյա դասերը։ Վարպետության դասերը նախաձեռնել էին ԵԳՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Նարեկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ի փոխնախագահ Վահե ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ: Կրթական ծրագրի նպատակն էր նպաստել երիտասարդ մասնագետների՝ քաղաքագետների, միջազգայնագետների, դիվանագետների, իրավագետների և այդ ոլորտներով հետաքրքրվող երիտասարդների մասնագիտական կարողությունների բարելավմանն ու նոր հմտություների ձեռքբերմանը: Վեցօրյա դասերին մասնակցեցին բակալավրիատի և մագիստատուրայի ուսանողներ ինչպես «Գլաձոր» համալսարանից, այնպես էլ հանրապետության տարբեր բուհերից։ Ուրախալի է նշել, որ ի սկզբանե դասընթացին մասնակցության հայտ էին ներկայացրել նաև «Գլաձորի» շրջանավարտներ։

Հանդիպմանը «Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում» թեման ներկայացրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոման Կարապետյանը։

«Իրաքյան Քուրդիստանը ժամանակակից տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

«Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Տարտու համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետի (Ժամանակակից ասիագիտության և մերձավորարևելագիտության ծրագիր) փորձագետ, թուրքագետ Վանատուր ՇԵՐԵՆՑԸ:

«Իրան-Ադրբեջան հարաբերությունները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ իրանագետ, ադրբեջանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտյոմ ՏՈՆՈՅԱՆԸ։

«ԵՄ-ի Հարավկովկասյան քաղաքականությունը հետպատերազմյան տարածաշրջանում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ավագ գիտնական-վերլուծաբան Ռաֆիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։

«ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆԸ։

Վարպետության դասերի ավարտին բոլոր օրերին ներկայացած մասնակիցները «Գլաձոր» համալսարանի և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ի կողմից արժանացան մասնակցության հավաստագրերի: