Հանրապետական գիտաժողով․ «Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում»

Մայիսի 29-30-ը Երևանի «Գլաձոր» համալսարանում կայացավ «Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 105-ամյակին: Գիտաժողովը իրականացվեց ԵԳՀ Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյանի նախաձեռնությամբ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան հանրապետության առաջատար մասնագետներ, գիտահետազոտական հաստատությունների փորձագետներ ու գիտնականներ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուբեն Գալչյանը, Հրաչյա Թաշչյանը, Արմեն Պետրոսյանը, Մարգարիտա Պետրոսյանը և այլք: Սեփական հետազոտություն-դիտարկումները մասնագետների դատին ներկայացնելու հնարավորություն տրվեց նաև «Գլաձոր» համալսարանի և միշարք այլ բուհերի ուսումնառողներին: Գիտաժողովն ի սկզբանե նպատակ ուներ վերջիններիս հնարավորություն ընձեռել ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:
Գիտաժողովը վարեցին Երևանի «Գլաձոր» համալսարանի՝ ռեկտորի ուսումնական և գիտական աշխատանքների գծով խորհրդական, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը և կազմակերպիչ Նարեկ Գրիգորյանը:
Ելույթներից յուրաքանչյուրն արդիական խնդիրների, Հայաստանի Հանրապետությանը և հայությանը նետված մարտահրավերների վերհանում էր, որոշ դեպքերում նաև լուծումների առաջադրում: Ելույթների ավարտին եղավ հարցուպատասխանի փուլը, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաներին հուզող բոլոր հարցերին:
ԵԳՀ ռեկտոր, իր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանի գնահատմամբ գիտաժողովը նախ և առաջ բացառիկ հնարավորություն էր գլաձորցի ուսանողների համար՝ լսելու քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, անվտանգային հետազոտությունների, արևելագիտության, պատմագիտության ոլորտների լավագույն մասնագետներին:
Գիտաժողովն ամփոփվեց մասնակից փորձագետներին և ուսանողներին մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությամբ: